Parisien պարբերականն առաջադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների 4 տարբերակ, այդ թվում՝ Լը Պենի հաղթանակի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականի կարծիքով՝ «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, ավելի շուտ, կհաղթի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենին: Սակայն հաղթանակը կարող է տարբեր լինել, օրինակ՝ Մակրոնը կստանա ձայների 65 տոկոսն ընդդեմ 35 տոկոսի:
Հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալները եւս վկայում են, որ Լը Պենին կաջակցի ֆրանսիացիների մոտ երրորդ մասը: IFOP հարցման արդյունքներով՝ Մակրոնը կհաղթի 63 տոկոսով ընդդեմ 37 տոկոսի: Իսկ Sopra Steria-ի հարցման արդյունքները վկայում են, որ Լը Պենը կզիջի 38,5 տոկոսով ընդդեմ 61,5 տոկոսի:
Պարբերականը ենթադրում է, որ Մակրոնը կարող է նաեւ հաղթել 2002 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ոճով՝ 80 տոկոս ընդդեմ 20 տոկոսի: Հնարավոր է նաեւ այլ տարբերակ՝ Մակրոնի օգտին 55 տոկոս ընդդեմ Լը Պենի 45 տոկոսի: Ընտրությունների նման ելքը Լը Պենի համար կդառնա «հաղթանակի համով պարտություն»: Իսկ Մակրոնին ստացած ձայները կբավականացնեն Ելիսեյան պալատում հայտնվելու, բայց ոչ «երկիրը ղեկավարելու» համար:
Պարբերականը չի բացառում նաեւ Լը Պենի հաղթանակը, չնայած «ոչ մեկը չի էլ կարող պատկերացնել» «Ազգային ճակատի» առաջնորդի օգտին 50,1 տոկոսը եւ «Առաջ» շարժման առաջնորդի օգտին 49,9 տոկոսը: Պարբերականը նշում է, որ դա «բոլոր իմաստներով, ոչ միայն քաղաքական տեսանկյունց, երկրաշարժ կդառնա»: Սակայն «Ելիսեյան պալատը միայն առաջին փուլն է», իր թիմը ստեղծելու համար Լը Պենը պետք է նաեւ մեծամասնություն ստանա խորհրդարանական ընտրություններում, որոնք կանցկացվեն հունիսին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 23-ին, որի արդյունքներով ձայների 24,01 տոկոսով լավագույնն է եղել Էմանուել Մակրոնը, Մարին Լը Պենը հետեւել է նրան՝ 21,3 տոկոսով: Այսօր՝ մայիսի 7-ին, Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:




























