Գերմանիան կլինի առաջին երկիրը, որտեղ քաղաքական այց կկատաի Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: Սա CNews-ի եթերում հաստատել է եվրապատգամավոր եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Սիլվի Գուլարը, որը հանդես է եկել «Երթում» շարժման առաջնորդի աջակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Որպես նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին այցը Գերմանիա կկատարի»,- ասել է Գուլարը:
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքն էլ քանիցս հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաղաքականության գործունեությունն սկսելու նման ծրագրերի մասին: Կիրակի ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո Էմանուել Մակրոնն արդեն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը «շատ ջերմ մթնոլորտում» է ընթացել, հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ Բեռլին Մակրոնի այցը «շատ կարճատեւ կլիի»:
Իր հերթին Սիլվի Գուլարը հստակեցրել է, թե միանգամայն հնարավոր է, որ Գերմանիա ուղեւորությունից առաջ Էմանուել Մակրոնն այցելի ֆրանսիական զորքի արտասահմանում գործող ստորաբաժանումներին: Ինքը Մակրոնը նախընտրական հարցազրույցների ընթացքում նման հնարավորությունը չի բացառել:




























