Հայաստանի բանկային համակարգում իրացվելիության աճը նպաստեց ե՛ւ պետական, ե՛ւ կորպորատիվ պարտատոմսերի պահանջարկի կտրուկ աճին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը
Նշենք, որ Հայաստանում դրամավարկային պայմանները մեղմելու համար 2015 թվականի օգոստոսից 2017 թվականի մարտը Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսից նվազեցրել է մինչեւ 6 տոկոս: Սա նպաստել է բանկային համակարգի իրացվելիության հոսքին: Սակայն տնտեսական անկայունության պայմաններում վարկավորման հարցում բանկերը զգուշավոր են եւ իրացվելիության զգալի մասը ուղղել են պարտատոմսերին:
Այսպես՝ 2015-ին վարկավորումը կրճատվել է 2,9 տոկոսով, բայց 2016-ին աճել է 15,5 տոկոսով, սակայն աճն արագացել է միայն վերջին եռամսյակում:
Դրա հետ մեկտեղ, 2016 թվականին շարունակվել է պարտատոմսերի վաճառքի էքսպոնենցիալ աճը ( մասամբ ոչ մեծ բացարձակ ծավալների պատճառով, սակայն նաեւ բանկերի նոր պահանջարկի շնորհիվ):
Սարոյանը նշեց, որ աճում է ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային պարտատոմսերի պահանջարկը: Տարեսկզբից արդեն մի քանի էմիսիա է կատարվել՝ ինչպես նախկինում, հիմնականում բանկերի կողմից: Դրանց համար եւս մեկ խթան դարձավ ֆոնդային բորսաներից ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի նվազումը: Միջազգային բորսայում էմիսիայի դեպքում տոկոսադրույքը նվազում է 20 տոկոսից մինչեւ զրո տոկոս, իսկ հայկական բոսայում (Nasdaq OMX Armenia)՝ մինչեւ 5-10 տոկոս:
Արդյունքում պարտատոմսերի գործարքները (ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր) տեղական շուկայում մի քանի անգամ ավելացել են:
Եվ այսպես, Nasdaq OMX Armenia –ի վիճակագրությամբ, 2016-ի սակարկությունները նոր պատմական մաքսիմում են սահմանել։ Կորպորատիվ պարտատոմսերով սակարկությունների աճ է դիտարկվել 2016-ի գրեթե բոլոր ամիսներին, այդ թվում նոյեմբերին՝ 5․8 անգամ , դեկտեմբերին՝ 8,6 անգամ. Նման տեմպեր են դիտարկվել նաեւ պետական պարտատոմսերի հարցում։
Արդյունքում պարտատոմսերի դրույքները մի քիչ նվազել են, իսկ թողարկումները՝ հաճախացել։
Առաջվա պես գերիշխում են բանկերը, բայց ոչ ֆինանսական կազմակերպություններն արժե, որ ավելի լավ ուսումնասիրեն շուկան։ «Բանկերն արդեն շուկայում ստեղծել են ներդրողների բազա, որոշ չափով՝ հենց իրենց ավանդատուներից։ Իսկ նրանք արդեն սովորել են ձեռք բերել պարտատոմսեր, ու ապագայում կարող են դառնալ նաեւ ոչ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդներ»,- հավելեց նա։
Եթե բանկերի համար ֆոնդային շուկայում աշխատելը սովորական է դարձել, ապա իրական սեկտորը դեռ չի սովորել դրան։
Բայց, շեշտեց Սարոյանը, կան բավականաչափ ընկերություններ, որոնք անկախ աուդիտ են անցնում ու ունեն իրավաբաններ։ «Բացի դրանից պետք է նշել, որ իրականում լիսթինգի նկատմամբ պահանջները այնքան էլ կոշտ չեն։ Պետք է պատրաստել թողարկման նախագիծը, բայց դրա համար փաստաթղթերի ստանդարտ փաթեթ է պահանջվում։ Մենք ցանկացողներին ծանոթացնում ենք այդ նմուշների հետ ու կոնսուլտացիաներ տալիս նրանց»,- նշեց Սարոյանը։




























