Վենեսուելայում կտրուկ աճել է հղի կանանց ու նորածինների մահացության թիվը։ Այս մասին են վկայում նոր վիճակագրական տվյալները, հաղորդում է BBC-ն։

Երկրի առողջապահության նախարարությունը երկու տարվա ընթացքում առաջին անգամ վիճակագրություն է հրապարակել, համաձայն որի, ծննդաբերության ժամանակ մահացած կանանց թիվն աճել է 65 տոկոսով, իսկ երեխաների մահվան դեպքերն աճել են 30 տոկոսով։

Երկրում աճել է նաեւ մալարիայով ու դիֆտերիայով հիվանդությունների մակարդակը։

Նոր վիճակագրական տվյալները վկայում են երկրում խորը տնտեսական ճգնաժամի մասին, որը, ընդդիմության կարծիքով, կառավարությունը չի կարողանում հաղթահարել։

Նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ առողջապահության համակարգում ճգնաժամն ու դեղորայքի սուր անբավարարվածությունը կապված է իր դեմ տնտեսական պատերազմի հետ։ Ըստ նրա՝ ինչ-որ մեկը թաքցնում է մատակարարված դեղորայքը՝ պետական հեղաշրջում հրահրելու համար։

Վենեսուելացիները ստիպված են պարբերաբար հատել Բրազիլիայի եւ Կոլումբիայի հետ սահմանը՝ անհրաժեշտ դեղորայքը գնելու կամ բժշկական օգնության դիմելու համար։

Բրազիլիայի Ռորայմա նահանգը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել, որպեսզի կարողանա կանոնավորել հազարավոր վենեսուելացիների մուտքը երկիր, որոնք «հեղեղել են» սահմանամերձ փոքրիկ քաղաքների հիվանդանոցները։