ԱՄՆ-ը չի մասնակցի Աստանայում տեղի ունեցող Սիրիայի շուրջ բանակցություններին, այլ մտադիր է մնալ դիտորդի դերում։ Այս մասին հայտնել է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայի շուրջ Աստանայում բարձրագույն մակարդակի միջազգային հանդիպումների չորս փուլ է տեղի ունեցել՝ հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին եւ մայիսի 3-4-ին։
«Մենք հրավիրվել ենք որպես դիտորդ, մենք այստեղ գործընթացի մասնակիցներ չենք»,- ասել է Քրոլը լրագրողներին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Սիրիայում իրադրությունը կարգավորելու եւ արյունահեղությունը դադարեցնելու փորձերը։
«Մենք մասնակիցներ չենք եւ նույնիսկ հիմա մտադիր չենք մասնակցել այդ բանակցություններին որպես մասնակիցներ, միայն որպես դիտորդներ», -ասել է Քրոլը։




























