Կահիրեի համալսարանի հնագիտական գիտարշավը Էլ Մինյա նահանգում հայտնաբերել է Հին Եգիպտոսի ժամանակներից պահպանված դամբարան կատակոմբներ, որը բաղկացած է մի քանի ստորգետնյա սրահներից, միջանցքներից, գաղտնի սենյակներից ու բաժիններից։ Այս մասին հայտնել է եգիպտական խոշորագույն բուհի ռեկտոր պրոֆեսոր Գաբեր Նասերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, «եգիպտական գիտնականների ու ուսանողների գտածոն աննախադեպ է»։ Նասերը նշել է,որ «Եգիպտոսի տարածքում նման բացահայտումներ չեն եղել վերջին հարյուրամյակում»։
Ռեկտորը պատմել է, որ Տունա էլ Գաբալ տեղանքում, որը գտնվում է Նեղոսի ձախ ափին, հայտնաբերվել է «հսկայական չափերի դամբարան, որը իրենից ներկայացնում է ստորգետնյա կատակոմբներ՝ ճյուղավորված միջանցքների, սենյակների ու գաղտնի շինությունների ցանց»։ Այնտեղ,պրոֆեսորի խոսքով, հնագետները հայտնաբերել են «ունիկալ պատմական արտեֆակտներ ու ստացել նոր, առայսօր անհայտ տեղեկություններ՝ Հին Եգիպտոսի բնակիչների կյանքի մասին»։ Նա հավելել է, որ Էլ- Մինյա շրջանում աշխատանքներին հնագետներից ու պատմաբաններից բացի մասնակցել են նաեւ գեոֆիզիկայի ֆակուլտետի մասնագետները, որոնք զբաղված էին հատուկ ուսումնասիրություններով ու բաց գերեզմանոցի կոնֆիգուրացիայի ճշգրիտ որոշումով։
Աշխատանքների միայն առաջին փուլում փորձագետները հայտնաբերել են 12 մումիաներ, որոնք «ամբողջովին պահպանվել են ու լավ վիճակում են, ինչը թույլ է տալիս անհապաղ անցնել հետազոտությունների։ Բացի դրանից առանձին դահլիճներում գտել են այլ մարդկանց աճյուններ ու մեծ քանակության կենցաղային իրեր ու ծիսակարգային քանդակներ։
Կահիրեի համալսարանի ռեկտորը հայտնել է, որ առաջիկա օրերին այդ եզակի հայտնագործության մասին պաշտոնական հայտարարություն կանի հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին։



























