Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրամիությունը բանակցություններ կվարի բվալկանյան երկրներին ընդգրկելու շուրջ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վստահ եմ, որ ԵՄ-ն ապագայում չի մնա 27 երկրների կազմում, քանի որ նոր անդամ երկրներ կունենանք: Կարծում եմ, որ դա Բալկանների երկրները կլինեն, որոնց հետ անդամակցության բանակցություններ ենք վարում: Ոմանք դա «ընդլայնման» գործընթաց են անվանում, ես նախընտրում եմ Եվրոպային վերամիավորման մասին խոսել»,- ասել է նա La Stampa-ի հետ հարցազրույցում:

Խոսելով Բրիտանիայի դուրս գալու եւ Եվրամիության ապագայի մասին՝ Մոգերինին տեսակետ է հայտնել, որ «Brexit-ի հանրաքվեից հետո շատերը կանխատեսում էին, որ սա վերջի սկիզբը կդառնա, սակայն վերջերս կայացած ընտրությունները, ոչ միայն Ֆրանսիայում, հակառակն են ցույց տալիս»:

Նրա խոսքով՝ եվրոպացիները սկսում են հասկանալ, թե ինչից կարող են զրկվել, եւ ֆրանսիացիները Էմանուել Մակրոնին երկրի նախագահ ընտրելով՝ հստակ հասկացրին, որ աջակցում են եվրոպական նախագծին: