Կահիրեի մոտ հայտնաբերվել է փարավոնների 13-րդ դինաստիայի արքայադստեր դամբարանը։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը։
Գիտնականների խոսքով այս հայտնագործությունը անմիջական կապ ունի ընդամենը մեկ ամիս առաջ արված մեկ այլ հայտնագործության՝ Ք․ ա 17-րդ դարին պատկանող հին բուրգի մնացորդների հետ։ Այն ժամանակ հնագետները հայտնաբերել էին մի միջանցք, որը տանում էր դեպի բուրգի ներս՝ դամբարանային սենյակ։ Հիմա հետազոտողները կարողացել են մտնել այդ դամբարանը, նախապես միջանցքը մաքրելով քարերից։
Դամբարանում հետազոտողները գտել են փայտյա արկղ, որի մեջ ինչ-որ կտորի մեջ փաթաթված՝ պահպանվել են հանգուցյալի ներքին օրգանները՝ թոքերը, լյարդը, աղիներն ու ստամոքսը։ Արկղի վրա գրված հիերոգլիֆների վերծանումից պարզ է դարձել, որ այդ դամբարանն ու բոււրգը պատկանում էին Էմնիկամաու փարավոնի դստերը։ Հնագետները դեռ չեն բացել սարկոֆագը, որտեղ պահվում է մումիան, քանի որ այն շատ վատ վիճակում է, ու հետազոտողները վախենում են, որ անզգույշ միջամտությամբ կարող են վերջնականապես ոչնչացնել կոնստրուկցիան։ Նրանք կանեն դա՝ հենց համոզված լինեն, որ կկարողանան պահպանել սարկոֆագի ամբողջականոթյունը։



























