Արքայազն Հարրին մտադիր է փոխարինել պապին՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպին՝ դառնալով Արքայական ծովային հետեւակի խնամակալ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին։

Արքայազն Ֆիլիպը էլիտար ստորաբաժանումների խնամակալն է եղել 1953 թվականից։ Պարբերականի տվյալներով՝ 32-ամյա արքայազն Հարիի թեկնածությունը հավանության է արժանացրել ծովային հետեւակների հրամանատար գեներալ-մայոր Ռոբ Մագոուենը։ Սակայն այս հարցում վերջնական խոսքը պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին։

Ծովային հետեւակների հետ արքայազն Հարին ամուր հարաբերություններ է հաստատել այն բանից հետո, երբ 2007 թվականի վերջին 2008-ի սկզբին ռազմական գործուղմամբ գտնվում էր Աֆղանստանում՝ Գիլմենդ գավառում ծովային հետեւակների 40-րդ ստորաբաժանման մարտիկներին աջակցություն ցուցաբերելով։ Նա համակարգում էր թալիբների դիրքերի վրա հարձակումները։