Չինաստանում կփորձեն գարեջուր պատրաստել ըստ հինգհազարամյա բաղադրատոմսի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կեցզի ժիբաո» պարբերականին։
2016 թվականի մայիսին Շենսի նահանգում՝ Վեյ գետի մերձակայքում գտնվող երկու փոսերում, որոնք թվագրվում են մ.թ.ա 3400-2900 թվականներ, կավե տարաների մնացորդներ են գտել՝ դրանցում առկա գարեջրի մնացորդներով։
«Կեցզի ժիբաո» պարբերականը նշում է, որ բաղադրատոմսը կվերականգնեն ու ըստ դրա արտադրություն կսկսեն երկու ընկերություններ՝ Պեկինից ու Հոնքոնգից։ Սակայն չի հստակեցվում, թե որքան ժամանակ դրա համար կարող է անհրաժեշտ լինել։
Սթենդֆորդի համալսարանից հնագիտության պրոֆեսոր Լյու Լիի խոսքով՝ «հին գարեջրի» բաղադրությունը տարբերվում է ժամանակակից ըմպելիքից։ Ըստ նրա՝ հավանական է, որ համով այն նման լինի ալկոհոլի ցածր պարունակությամբ քաղցր գինու։




























