ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման դեմ, ըստ որի թուլացվում է  դպրոցներում առողջ սննդի ստանդարտների նկատմամբ վերահսկողությունը:

Հանդես գալով ԱՄՆ-ում առողջ սննդի տարածմանը նվիրված համաժողովում՝ նախկին առաջին տիկինը հայտարարել է, որ դեմ է իր նախաձեռնությունից հրաժարվելուն, որով առաջարկվում էր նվազեցնել դպրոցականների համար նախատեսված սննդում աղի, շաքարի եւ ճարպերի քանակը, հաղորդում է BBC-ն:

«Մտածեք, թե ինչու ինչ-որ մեկը դեմ չէ, որպեսզի ձեր երեխաներն ամեն անպիտան բան չուտեն… Դուք պետք է մի պահ կանգ առնեք ու մտածեք, թե ինչո՞ւ նրանք չեն ուզում, որ մեր երեխաները դպրոցում լավ սնվեն: Ինչո՞ւ է այդ հարցը  քաղաքական բնույթ ստանում» - հարցադրում է  արել Միշել Օբաման:

Մայիսի սկզբին Թրամփի վարչակազմը թուլացրել էր դպրոցներում առողջ սննդի ստանդարտների նկատմամբ վերահսկողությունը, որը ժամանակին առաջ էր քաշել Միշել Օբաման:

Դպրոցներում առողջ սննդի մասին դաշնային օրենքը ստորագրել էր նախկին նախագահ Բարաք Օբաման՝ 2010 թվականին: Դպրոցականների շրջանում ճարպակալման երեւույթը կանխելու համար սննդակարգը պետք է ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ հատկեղեն պարունակեր: Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում ամեն 5-րդ երեխան տառապում է ճարպակալմամբ: