Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետեւանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու եւ խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերքի կորուստներից խուսափելու եւ պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Խաղողի այգիներում վեգետացիայի այս փուլում` մինչեւ ծաղկումը, անհրաժեշտ է իրականացնել համակցված (կոմբինացված) քիմիական պայքար միլդիու եւ օիդիում սնկային հիվանդությունների եւ ողկուզակերի առաջին սերնդի թրթուրների դեմ` սնկասպան պատրաստուկները համատեղելով միջատասպան որեւէ պատրաստուկի հետ:
Պտղատու ծառերի եւ խաղողի այգիներում ձմեռային ցրտերի ազդեցությունը մեղմելու եւ բույսերի դիմադրողականությունը բարձրացնելու համար տնկարկները անհրաժեշտ է սնուցել համալիր պարարտանյութերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում):
Բուժումներն իրականացնելիս օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների տեղեկագրքից:





























