ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում:
«Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ մասնագետներ, ովքեր լծված են Հայաստանի ամուր ու կենսունակ ապագայի կերտման գործին: Որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ ինձ համար հաճելի է իմանալ, որ Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի միջոցով ԱՄՆ պետքարտուղարությունը կարողացել է ինչ-որ չափով օգնել ձեզ հասնելու այն ամենին, ինչ դուք ունեք», - մայիսի 16-ին ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ շրջանավարտներին դիմելով ասաց դեսպան Միլսը:
Դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ Էդմունդ Մասքիի կրթաթոշակային ծրագիրն ակադեմիական կրթության ու մասնագիտական կատարելագործման հնարավորություն էր ընձեռում մասնակիցներին՝ շեշտադրելով միջմշակութային փոխըմբռնումը ու մասնակիցների առաջնորդման հմտությունների զարգացումը՝ ուսումնառության ու ուսումնական պրակտիկաների միջոցով: Մասնագիտական կատարելագործումից զատ, Մասքիի ծրագիրը մասնակիցներին օգնում էր իրացնել առաջնորդման իրենց հմտությունները եւ դիտարկել այն ուղիներն ու միջոցները, որոնց օգնությամբ նրանք նոր գաղափարներն ու կոնցեպտները կկարողանային կյանքի կոչել Հայաստանում:
Թեպետ Մասքիի ծրագիրը, որի ընձեռած հնարավորություններից օգտվել է Հայաստանի 450 քաղաքացիներ, այլեւս չի գործում, սակայն շրջանավարտները դեռեւս մնում են հայաստանյան հասարակության կարեւոր մասնիկը՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ կառավարությունում, առաջատար ընկերություններում եւ առաջ մղելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են բնապահպանության եւ հանրային առողջապահության հետ կապված հարցերը:
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի համատեքստում դեսպան Միլսը նաեւ կարեւորեց շրջանավարտների դերը երկու երկրների միջեւ գործակցության ամրապնդման հարցում:
«Կարծում եմ, որ փոխանակման բազմաթիվ ծրագրերը (Մասքին այդ ծրագրերից մեկն է), որոնց ներքո Հայաստանից մասնակիցներ են մեկնում ԱՄՆ ուսումնառության, պրակտիկայի կամ մշակութային փոխանակման նպատակով եւ ծրագրերը, որոնց ներքո ամերիկացիներ են ժամանում Հայաստան, վառ ու ցայտուն կերպով ցույց են տալիս այս 25 տարիների ընթացքում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված ամուր ու ջերմ հարաբերությունները: Դուք ձեր աշխատանքում կիրառում եք ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օգնեք ձեր հայրենի երկրին, ու անձնական օրինակով ցույց եք տալիս, թե որքան արժեքավոր է եղել մեր 25-ամյա գործընկերությունը». – ասաց դեսպան Միլսը:




























