Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները եւ Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Այցի ընթացքում Խորհրդի հոգեբանն առանձնազրույց է ունեցել  մարտական հերթապահություն իրականացնելու եւ մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորում ստացած եւ բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Առանձազրույցների ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների հուզական ապրումները եւ վարքային դրսեւորումները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքն ու դիրքորոշումները,  միջանձնային հարաբերություններով եւ զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված այլ հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից հասցեագրված բողոքների շրջանակներում ուսումնասիրվել են նաեւ զինծառայողների բուժման ընթացքը, արդյունքները, ինչպես նաեւ զինծառայողների բժշկական փաստաթղթերը:

Այցի արդյունքներն ամփոփվում են՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացնելու նպատակով:

Խորհրդի եւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համատեղ այցերը կրելու են պարբերական բնույթ: