Կոտ դ՛Իվուարի պաշտպանության նախարար Ալեն-Ռիշար Դոնվահին երեքշաբթի հաստատել է, որ իշխանությունների եւ զինծառայողների միջեւ համաձայնություն ձեռք բերելուց հետո վերջիններն ազատել են ճանապարհները եւ զորանոցներ են վերադառնում, հաղորդում է «Սինհուա»-ն։
Դոնվահիի խոսքով՝ խռովարարները խնդիրներ են ստեղծել մի շարք քաղաքների համար, խաղաղ բնակիչներին նյութական վնաս հասցրել։ Նա հայտարարել է, որ կառավարությունը դատապարտում է խռովությունը։
Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան Բուաքում եւ երկրի ամենախոշոր Աբիջան քաղաքում նորից բացվել են խանութներն ու բանկերը։ Չորեքշաբթի դպրոցներում վերսկսվել են պարապմունքները։ Վերջին տվյաներով՝ խռովության հետեւանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են։





























