Օնտարիոյի թագավորական թանգարանի աշխատակիցները Նյուֆաունդլենդի մոտակայքում սառույցների մեջ սատկած երկնագույն կետ են հայտնաբերել։ Կետի գրեթե 180 կիլոգրամանոց սիրտն անվնաս պահպանվել էր՝ չենթարկվելով քայքայման։ Կենսաբան Ժակլին Միլլերը ու նրա թիմը  այդ հսկայական սիրտը թանգարան են տեղափոխել։

Սատկած կետերը սովորաբար սուզվում են ջրի հակատ, դրա համար էլ այդ հոյակապ կենդանիների հյուսվածքները ուսումնասիրելը բարդ է, քանի որ դրանք անմիջապես փտում են կամ էլ դառնում սապրոֆիտների կեր։ 2014-ին անբնական սառնամանիքի պատճառով ափամերձ ջրերը անսպասելիորեն սառցակալել էին ու դրա հետեւանքով 9 սատկած կետ էր հայտնաբերվել այդ տեղանքում։ Դրանցից 7-ը սուզվել էին ջրի հատակ , իսկ մյուս երկուսի մարմինները ջրի հոսանքը ժամանակի ընթացքում դուրս էր բերել Նյուֆաունդլենդի ափ։ Ի տարբերություն մյուս օրգանների՝ սիրտը գրեթե չէր քայքայվել, ինչը բացատրվում է կետի անատոմիայի առանձնահատկություններով։

Այնուամենայնիվ կետը շարունակում էր մի քանի ամիս մնալ ափին, դրա համար էլ գիտնականները պետք է արագ գործեին։ Չորս մարդ հանել է հսկայական սիրտը կենդանու մարմնից, տեղավորել սառցախցի մեջ ու տեղափոխել լաբորատորիա։ Սիրտը կոնսերվացնելու համար դրանից հանել են ճարպն ու ջուրը, ինչը 6 ամիս է տեւել։ Եվ հիմա, կենսաբանների խոսքով, այդ սիրտը կարող է պահպանվել մինչեւ հազար տարի։