Երբ մայիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու նրա կինը՝ Մելանիա Թրամփը ժամանեն Վատիկան, որտեղ նրանց 20 րոպեով կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, նրանց այնտեղ այնքան հանդիսավոր ընդունելություն չի սպասվում, որքան Սաուդյան Արաբիայում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ-ի ու Վատիկանի ներկայացուցիչները հանդիպման նախօրեին ակնհայտ անհանգստություն են դրսեւորում։

Թրամփն ու Ֆրանցիսկոսը նախկինում երբեք չեն հանդիպել, բայց քննադատական արտահայտություններ են փոխանակել։ Անցած տարի Թրամփը Հռոմի պապին մեղադրել էր նրանում, որ Մեքսիկայի իշխանություններին թույլ է տալիս քաղաքական խաղում իրեն որպես խաղաքարտ օգտագործել ներգաղթի հարցում։ Ֆրանցիսկոսն էլ իր հերթին կասկածի տակ էր դրել Թրամփի կրոնական համոզմունքները՝ ասելով, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունը «հարիր չէ իսկական քրիստոնյային»։ Թրամփը դրանից զայրացած՝ ասել էր, որ «Կրոնական առաջնորդին հարիր չէ կասկածի տակ դնել որեւէ մեկի հավատքը»։

Ավելի քան 50 մլն կաթոլիկ ամերիկացի հոգեւոր առաջնորդի ու ԱՄՆ նախագահի տեսակետները ակնհայտորեն տարբերվում են մի շարք հարցերում՝ այդ թվում գլոբալ տաքացման, փախստականների ու միջուկային զենքի հարցում։

Չնայած վերջերս Ֆրանցիսկոսը ավելի մեղմ երանգով էր արտահայտվել Թրամփի մասին, ասելով, որ պատրաստ է լսել նրան, քանի որ «երբեք չի դատում մարդուն՝ առանց նրան լսելու»։ «Ես կլսեմ նրան ու կասեմ այն , ինչ ես մտածում եմ»,- ասել էր նա։

Թրամփի վատիկանյան այցի նպատակը վերջերս ակտիվ քննարկվում է մամուլում։ Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման նպատակներից մեկն է խուսափել հնարավոր թյուրիմացություններից ու գոնե մասնակի հաշտեցում ապահովել ԱՄՆ նախագահի ու Հռոմի պապի միջեւ։ Իսկ Սպիտակ տանը վատիկանյան հաջող այցելությունը կօգներ ամրապնդել Թրամփի վարկանիշը, որպես մի մարդու, որը ձգտում է միավորել քրիստոնյաներին, մուսուլմաններին ու հրեաներին՝ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում։