Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի բնակիչ Գրեգորի Ջասթիսը ցանկացել է գաղտնի արբանյակային լուսանկարներ վաճառել Ռուսաստանի հետախուզությանը: 49-ամյա տղամարդու խոստովանության մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նախարարության՝ Պենտագոնի հետ պայմանագրով աշխատող ամերիկացին արբանյակներից «գաղտնի տեղեկություն» է գողացել՝ վաճառելու համար մի մարդու, որին նա համարել է «ռուսաստանցի հետախույզ»: Վերջինը, սակայն, ՀԴԲ-ի գաղտնի գործակալ է եղել:
Ջասթիսը լուսանկարների դիմաց «հազարավոր դոլարներ» է պահանջել եւ անգամ «հետախույզին» առաջարկել է այցելել գաղտնի ձեռնարկություն, որտեղ «ռազմական նշանակության տիեզերական սարքավորումներ են արտադրվում»:
Քալիֆորնիայի բնակիչը ձերբակալվել է 2016-ի հունիսին, նրան մինչեւ 35 տարի ազատազրկում է սպառնում:





























