Էրդողանի վարչակազմի դեմ անհրաժեշտ են գործուն եւ ոչ երկիմաստ միջոցառումներ: Այս մասին նշված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կերկորյանի մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակման հետ կապված նամակում՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Համանման պահանջներով (ոչ միայն Թիլերսոնին, այլեւ Թրամփին) բանաձեւը նա ներկայացրել է քաղաքային խորհդին:

«Առաջին հերթին անհրաժեշտ են Թուրքիայի եւ ԱՄՆ-ում նրա դեսպանի համար շոշափելի դիվանագիտական հետեւանքներ, երկրորդ՝ բոլոր հարձակվողների նույնականացում եւ հետապնդում: Մեղավոր ճանաչված արտասահմանյան բոլոր քաղաքացիները պետք է persona non grata ճանաչվեն եւ ԱՄՆ-ից արտաքսվեն»,- նշված է բանաձեւի նախագծում:

Լոս Անջելեսի առեւտրի պալատն արդեն չեղյալ է համարել Թուրքիա-Լոս Անջելես բիզնես համաժողովը, որը նախատեսված էր մայիսի 25-ին:

Թիլերսոնին ուղղված Կերկորյանի նամակում նշված է.

«Խաղաղ ամերիկացիների դեմ այս դաժան հարձակումը ավտորիտար թուրքական ռեժիմի կողմից ամերիկյան արժեքներին ուղղված անհեթեթ մարտահրավեր էր: Նման պահվածքը ցանկացած իրավիճակում անընդունելի է, առավել եւս՝ այնպիսի ժողովրդավարական հասարակությունում, ինչպիսին մերն է: Այն փաստը, որ հարձակմանը մասնակցել են Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները, ցույց է տալիս, որ թուրքական ռեժիմը եւ նրա դիվանագիտական առաքելությունները խորապես արհամարհում են ԱՄՆ-ի օրենքները եւ սահմանադրական սկզբունքները:

2016 թվականի հուլիսից Թուրքիայում Էրդողանը կալանավորել է 50 հազար մարդու: Նման կարգի դաժանությունը Թուրքիայում բավական տարածված է՝ որպես հասարակության դժգոհությունը լռեցնելու միջոց:

Այսպիսի անախորժ տեսարանից հետո ԱՄՆ-ը պետք է «դաշնակցից» ներողություն ստանա, նաեւ հավաստիացում, որ պատասխանատուները կպատժվեն:

Պարզ ասած՝ ԱՄՆ-ը պետք է խիստ, ոչ երկիմաստ գործողություններ կատարի: Հարձակման համար մեղավոր արտասահմանյան քաղաքացիներին հարկավոր է ընդմիշտ զրկել մուտքի իրավունքից, ինչպես նաեւ դադարեցնել ԱՄՆ դաշնային գործակալություններում թուրք պաշտոնյաների բոլոր կրթական ծրագրերը: Անհրաժեշտ է նաեւ վերանայել Թուրքիայի դերը որպես ԱՄՆ-ի դաշնակից՝ զգալիորեն կրճատելով կամ դադարեցնելով Թուրքիային արտասահմանյան եւ ռազմական աջակցությունը»: