Ֆրանսիացի լուսանկարիչն ավելի քան 15 տարի հետեւել է իր տան մերձակայքում բնակվող կուղբերին։ Նրանք «գործունեություն են ծավալում» ոչ միայն ցամաքում, այլեւ ջրի տակ։ Ուստի, մարդը ստիպված էր «հերթապահել» գետի հատակին, հաղորդում է Nat-geo-ն։

Ասիայում եւ Եվրոպայում լայն տարածում գտած գետային կուղբի բնակավայրերից է նաեւ  Լուարայի հովիտը, Ֆրանսիայում։ Իսկ տեղացի լուսանկարիչ Լուի-Մարի Պրեն լուսանկարում է վայրի բնությունը։

Լուսանկարիչը շատ էր ցանկանում «արձանագրել», թե ինչպես են կուղբերը սնունդ հայթայթում ջրի տակ։ Դրա համար նա սուզվում էր գետի հատակն ու սպասում 2-3 ժամ։ Սակայն նրա համբերությունը պարգեւատրվեց միայն չորս տարի անց։ Արդյունքը մի գեղեցիկ լուսանկար է, որտեղ կուղբը՝ ծառի ճյուղով, լողում է դեպի իր երեք ձագերը, որոնք սպասում էին նրան ստորջրյա որջում։