ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ճիշտ չի վարվել՝ գաղտնազերծելով Ազգային անվտանգության գործակալության գաղտնի տեղեկությունը։ Նման կարծիք նա հայտնել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է Newsweek պարբերականում։
«Սնոուդենը դավաճան չէ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Սթոունի հարցին, թե, լինելով հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, արդյո՞ք ՌԴ նախագահը սխալ չի համարում Սնոուդենի արարքը։
«Նա չի դավաճանել իր երկրի շահերը եւ օտար երկրներին ոչ մի տեղեկություն չի փոխանցել, որի արտահոսքը կործանարար կլիներ իր սեփական երկրի ու սեփական ժողովրդի համար»,- ընդգծել է Պուտինը։
Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի կարծիքով, Սնոուդենը «չպետք է դա աներ»։ «Եթե աշխատանքում ինչ-որ բան նրան դուր չէր գալիս, նա պետք է պարզապես հեռանար։ Բայց նա ավելի հեռուն գնաց։ Դա նրա իրավունքն է։ Բայց քանի որ դուք ինձանից եք հարցնում՝ ճիշտ էր դա, թե՞ ոչ, ես կարծում եմ, որ ճիշտ չէր»,-նշել է Պուտինը։
Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ Պուտինը նաեւ պաշտպանել է ռուսական հատուկ ծառայությունների գործողությունները՝ ասելով, որ նրանք միշտ հետեւում են օրենքին։





























