Հայաստանում տնտեսապես ակտիվ կանանց 40 տոկոսից ավելին ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում՝  ի հակադրություն տղամարդկանց 30 տոկոսի։ Այս կանանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես չգրանցված աշխատողներ են իրենց ընտանեկան տնտեսություններում, ինչն էլ մի շարք կարեւոր հետեւանքներ ունի գյուղական ապրելակերպի եւ բարեկեցության վրա։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանի գյուղական համայնքներում առկա գենդերային անհավասարության մասին զեկույցում:

Հայաստանը նախեւառաջ գյուղատնտեսական երկիր է, եւ գյուղատնտեսությունը, ներառյալ վերամշակման գործարանները, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը։ Կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում չափազանց կարեւոր է, քանի որ նրանք մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը։

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հրապարակած զեկույցը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող գենդերային անհավասարության դեպքերը, նրանց պատճառները եւ ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման, պարենային անվտանգության եւ սննուցման վրա։ Հաշվետվությունն ուսումնասիրում է առկա իրավիճակը եւ առաջարկում լուծումներ այն ոլորտներում, որտեղ ՊԳԿ-ն անդամ երկրներում տրամադրում է  աջակցություն։

Հայաստանում կանայք միջինում վաստակում են ավելի քիչ, քան տղամարդկանց 66 տոկոսը եւ չգրանցված աշխատող լինելու պատճառով չեն օգտվում սոցիալական ապահովության փաթեթներից։ Կնոջ դերի եւ պարտականությունների մասին առկա կարծրատիպերը խոչընդոտում են նրանց օգտվել իրենց իրավունքներից։ Շատ դեպքերում, օրինակ հողակտորը ձեւակերպված չէ իրենց անունով, ինչի արդյունքում նրանք հավասար իրավունքներ չունեն հողակտորի եւ այլ ռեսուրսների նկատմամբ, ինպիսիք են, օրինակ՝ վարկը, սարքավորումները։ Արդյունքում նրանց տնտեսական հնարավորությունները սահմանափակ են դառնում։

Ըստ զեկույցի՝ փորձագետները համաձայն են, որ Հայաստանում գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման համար անհրաժեշտ է ընդունել համապարփակ քաղաքական որոշումներ մի շարք ուղղություններով՝ բավարար ուշադրություն դարձնելով գենդերային անհավասարությանը եւ գյուղական կանանց հզորացմանը։

1994թ․ին Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան» (CEDAW), որի 14-րդ հոդվածն ուղղակիորեն եւ բացառապես անդրադառնում է գյուղական կանանց։ Կոնվենցիան վավերացնելով՝ երկրները պարտավորվում են ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ ապահովելու գյուղական կանանց մասնակցությունը գյուղատնտեսության զարգացմանը։   

Այս միջազգային նորմերին եւ չափանիշներին համապատասխանելու եւ կայուն զարգացման ոլորտում վերջերս ստանձնած պարտավորությունները կատարելու համար՝ Հայաստանը ներկայացրել է կոնվենցիայի կիրառման մի շարք ազգային մեխանիզմներ եւ ընդունել է գնեդերային հավասարությունը խրախուսող օրենքներ եւ կանոնակարգեր։

«Սակայն գենդերային անհավասարությունը դեռեւս «սոցիալապես ընդունելի եւ հանդուրժելի է», հատկապես գյուղական վայրերում»,- նշում է ՀՀ Կառավարության Սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանը։ «Գյուղական կանայք օրական վեց ժամ անցկացնում են իրենց կենցաղային պարտականությունների վրա, ինչը շատ ավելին է,  քան ծախսում են քաղաքում բնակվող կանայք եւ կրկնակի անգամ ավելի շատ, քան ծախսում են գյուղում ապրող տղամարդիկ, սակայն այս աշխատանքը տեսանելի եւ գնահատված չէ իրենց համայնքում կամ հասարակության կողմից»։

Ջինա Սարգիսովան, ով հանդիսանում է այս զեկույցի հեղինակներից մեկը, նշում է, որ  այս հաշվետվությունը «թիմային աշխատանքի արդյունք է, որտեղ ուսումնասիրել ենք արդեն առկա տվյալները եւ միավորել դաշտային ուսումնասիրության եւ հարցազրույցների ընթացքում հավաքագրված առաջնային տեղեկատվության հետ»։

Զեկույցը ներառում է եզրակացություններ եւ ծրագրերի պլանավորման եւ մշակման վերաբերյալ առաջարկություններ, որոնք օգտակար կլինեն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմիններին։ Զեկույցը հասանելի է առցանց անգլերեն եւ հայերեն լեզուներով։