ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Երեւան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն Վ. Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները 08.05.2017թ.-ին` անտեսելով Երեւանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի 17Ա շենքում գտնվող բնակարանում փաստացի բնակվող Վ. Գ.-ի եւ հիշյալ տան սեփականատիրոջ միջեւ առկա քաղաքացիաիրավական վեճը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան դատական ակտի բացակայությունը, սեփականատիրոջ հետ կոտրել են հիշյալ բնակարանի դռան փականը եւ հարկադրանքի միջոցով Վ. Գ.-ին հեռացրել փաստացի իր տիրապետման տակ գտնվող տնից:
Ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել բաժին` նրա նկատմամբ բռնություն գործադրելով, որի հետեւանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վ. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությանը նաեւ հայտնել է, որ այդ ընթացքում կորել են իր բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Բացի այդ, Վ. Գ.-ն իր հաղորդմամբ հայտնել է նաեւ, որ դռան փականը կոտրելու հետեւանքով բնակարանից կորել են այնտեղ պահվող կանխիկ գումարն ու իր թանկարժեք զարդերը: Գողության հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:
Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:





























