Վայոց Ձորի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի: Վայոց Ձորի մարզում հրեական համայնքը կազմավորվել է 13-14-րդ դարերում, երբ մարզը տնտեսական եւ մշակութային վերելք է րապրում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայությունից» NEWS.am-ին հայտնում են, որ հրեաները երկար ժամանակ բնակվել են այնտեղ`փոխառել հայկական մշակութային ավանդույթներ, ձեւավորել նաեւ իրենցը: Եղեգիսից ոչ հեռու գտնվող Հերմոն գյուղը հետաքրքիր զուգադիպությամբ այսօր կրում է հրեական սրբազան լեռան անունը` Հերմոն:
Եղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված են 64 տապանաքարեր:
Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր են քննարկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրանք խոսել են «Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին: Տիկին Վարժապետյանը շնորհակալություն է հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ինհուշարձանի պահպանությունն իրականացնելու համար, ցանկություն`նորոգված տեսնել դեպի գերեզմանատուն տանող խարխլված փայտյա կամուրջը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է եւ կազմակերպությունն էլ մտահոգ է գերեզմանատան պահպանությանն առնչվող խնդիրներով: Նրա համոզմամբ առկա խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով:
Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը լինում են նաեւ Վայոց ձորում, ծանոթանում հայկական ու եղբայրական այլ ժողովուրդների մշակութային ժառանգությանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, վերջերս բացված Երեւան-Թել-Ավիվ-Երեւան ուղիղ չվերթը կակտիվացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, նաեւ Արցախ:
«Համոզված եմ, որ Տաթեւը տեսնելու ցանկություն ունեցող, նաեւ Արցախ ուղեւվորվող օտարերկրացին անպայմանկանգառ կանի Վայոց ձորում` ծանոթանալու հրեական մշակույթի մի մասնիկին»,-իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:
Իսկ տեսնելու բան զբոսաշրջիկները Վայոց ձորի մարզում հաստատ ունեն: Մասնավորապես Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի շենքի երկու սենյակներում ներկայում պահվում են գերեզմանոցի տարածքի պեղումներից հայտնաբերված դրամներ եւ այ լիրեր: Հրեական մշակույթն առավել ընդգրկուն ներկայացնելու համար տարածքն ընդլայնելու մտադրություն կա:
Արա Թարվերդյանն ու Ռիմա Վարժաապետյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ վերոնշյալ թեմային:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քննարկմանը հրավիրել նաեւ շահագրգիռ այլ անձանց:





























