Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի եւ դրանց լուծման հնարավորությունների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Արծվիկ Մինասյանը զեկուցել է բնական ռեսուրսների ելակետային տվյալների ամբողջական հաշվառման համակարգի ձևեւավորման համար ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներ տալու, բնապահպանական փորձաքննության ինստիտուտի կատարելագործման, գործող թույլտվությունների եւ լիցենզիաների ընթացակարգերի պարզեցման նպատակով էլեկտրոնային համակարգ ներդնելու վերաբերյալ։
Բնապահպանության նախարարն անդրադարձել է նաեւ անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու վերահսկմանը:
Նախագահը հանձնարարել է աշխատանքներ սկսել միասնական անտառային կառավարման համակարգի ստեղծման ուղղությամբ եւ ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի երեք ռիսկային մասնաճյուղերի պահպանությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է նաեւ կենսաբազմազանության անձնագրավորման, էկոտուրիզմի ներուժի արդյունավետ օգտագործման, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների քաղաքականության վերանայման ուղղությամբ գերատեսչության ձեռնարկած քայլերի մասինն:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները բնություն-արտաքին պարտք մեխանիզմի գործադրման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի երկկողմ վարկային պարտավորություններից որոշակի միջոցներ ուղղել երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը։
Նախագահը նախարարի հետ քննարկել է Սեւանա լճի պահպանության ու էկոհամակարգի վերականգնման միջոցառումներին վերաբերող հարցերը, տվել համապատասխան հանձնարարականներ: Բնապահպանության նախարարը զեկույցի ժամանակ ներկայացրել է «Սեւան» ազգային պարկը կենսոլորտային արգելավայրի վերածելու հեռանկարային ծրագիրը:
Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախագահի հանձնարարությամբ Արարատյան դաշտում իրականացված ջրախնայողության արդյունքում խնայվել է 980.24 մլն մ³/տ ջուր, սակայն առկա ջրօգտագործումը դեռեւս գերազանցում է թույլատրելի ծավալները, որոնց կրճատման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։































