Ամերիկայի Հայկական թանգարանի ֆինանսավորումը, ինչպես նաեւ դպրոցներում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելու ուսումնական ծրագրի ֆինանսավորումը ներառվել են Քալիֆորնիայի բյուջեում։
Նահանգի Սենատը նոր բյուջեն հավանության կարժանացնի հունիսի 15-ին կայանալիք նիստում։ Երկու նախաձեռնություններն էլ ներկայացրել է սենատոր Էնթոնի Պորտանտինոն՝ սենատորներ Քեւին դե Լեոնի եւ Ռիչարդ Ռոթի աջակցությամբ։
Սենատոր Պորտանտինոն նշել է, որ շատ ուրախ է երկու կարեւոր նախաձեռնությունները ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Ամերիկայի հայկական թանգարանը Քալիֆորնիայի բյուջեից լրացուցիչ 3 մլն դոլար կստանա։ Քալիֆորնիայի Սենատի բյուջետային հատկացումների հանձնաժողովը քննարկել է խնդրանքն ու հավանության արժանացրել առաջարկը։
Ավելի վաղ Պորտանտինոն նաեւ դիմնել էր ցեղասպանության ուսումնասիրության ուսումնական ծրագիրն իրականացնելու համար ֆինանսավորում տրամադրելու խնդրանքով։ Երկարատեւ բանակցություններից հետո 2017-2018 թվականների բյուջեում ներառվել է 10 մլն դոլար՝ պատմության եւ հասարակական գիտությունների ֆինանսավորման համար։ Այն ներառում է նաեւ Հայոց ցեղասպանության եւ պատմական այլ կարեւոր իրադարձությունների թեմաներով ուսուցիչների վերապատրաստումը։




























