ՄԻՊ-ը որոշում ունի կայացրած՝ Վահան Շիրխանյանի իրավունքները խախտման մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մենք հիմա արդարադատության նախարարության, նաեւ նրա փաստաբանի հետ կապի մեջ ենք: Մյուս կողմից առողջության պահպանման հետ կապված հարցերն այնպիսին են, եւ մեր զեկույցի մեթոդաբանություն էլ այնպես է գրված, որ թույլ չտա որոշակիացնել որեւէ անձի, որովհետեւ մենք չունենք իրենց համաձայնությունը: Կան դեպքեր, երբ մարդն ինքը չի ցանկանում, որ իր առողջական վիճակի մասին տվյալները հայտնի դառնան: Դրա համար, թեեւ զեկույցի պրոֆեսիոնալ վերլուծություն է, բայց խուսափել ենք անհատական տվյալներ նշելուց, նաեւ չվնասելու համար: Խոշտանգումների դեմ պայքարում կա հիմնական սկզբունք՝ չվնասելու սկզբունքը»,-հայտարարեց Թաթոյանը:

Նրա խոսքով, ՄԻՊ-ը այդ հարցերում շատ զգույշ է աշխատում, շատ հաճախ տվյալներ չի հրապարակում, որպեսզի դրանով որեւէ մեկին չվնասի, հատկապես, եթե խոսքը մարդու առողջության մասին է:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի արտահերթ նիստում  քննարկվել է «ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովության վերաբերյալ» ՀՀ ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցը: Այն ներկայացրել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: