ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կարողացել են ներկայացնել իրատեսական եւ հավակնոտ Կառավարության ծրագիր, որտեղ նշված հստակ թիրախների հիմքը Հանրապետության նախագահի մայիսի 18-ի ծրագրային ելույթն է: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախատեսում ենք տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 5-ամյա ծրագրով 25 տոկոս աճ, 12 տոկոսով գործազրկության նվազում: Մեծ ուշադրություն է դարձվել հակակոռուպցիոն պայքարին, ՀՀ անվտանգության խնդիրներին՝ շատ լուրջ ուշադրություն դարձնելով եւ խորացնելով ազգ- բանակ գաղափարածոսությունը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, Կառավարության ծրագիրն արդեն հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողովին: Շարմազանովը նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս Կառավարության ղեկավարը հաշվետվություն նույնպես կներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ծրագրից այլ մանրամասներ, ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով, կներկայացնեն արդեն Կառավարության ներկայացուցիչները:





























