ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան վերջնականապես պայմանավորվել են հունիսի 19-ին «բրեքսիթի» մասին բանակցություններ սկսելու մասին։ Բանակցությունները սկսվելու են ըստ ժամանակացույցի, չնայած Բրիտանիայում նոր կառավարություն դեռ չի ձեւավորվել, հայտնում է DW-ը։

Բրյուսելի ու Լոնդոնի պաշտոնական ներկայացուցիչներ ԵՄ-ից դուրս գալու մասին բրիտանական հանրաքվեից հետո առաջին անգամ քննարկելու են ԵՄ-ի անդամակցությունից Մեծ Բրիտանիայի հրաժարվելու պայմանները։ Բրյուսելին նախեւառաջ հետաքրքրում է Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ պետությունների քաղաքացիների համար երաշխիքների ու որպես ԵՄ անդամ ՝  այդ երկրի կողմից ստանձնված բոլոր ֆինանսական պարտավորությունների կատարման հարցերը։ Խոսելու են նաեւ Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ նոր սահմանների մասին։

Մեծ Բրիտանիան իր հերթին փորձելու է պայմանավորվել ազատ առեւտրի մասին երկկողմանի համաձայնագրի մասին, քանի որ վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է երկիրը հանել ներքին եվրոպական շուկայի ու մաքսային միության սահմաններից։

Բրեքսիթի մասին բանակցությունները պետք է ավարտվեն մինչեւ 2019-ի մարտը։