Սիրիայում թռիչքների վերաբերյալ հուշագրով ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի համագործակցության դադարեցումից հետո կոալիցիան հարվածներ է հասցրել միայն Ռաքայի շրջանում, մինչդեռ մեկ օր առաջ ավիահարվածների աշխարհագրությունն ավելի ընդարձակ էր, ինչի մասին է վկայում կոալիցիայի հարվածների ամենօրյա ամփոփագիրը:
Ըստ այդմ` հունիսի 18-ին Աբու Քամալ (Սիրիայի արեւելքում` Իրաքի սահմանին), Դեր Զոր (երկրի հյուսիս-արեւելքում) եւ Ռաքա (հյուսիսում) քաղաքների մերձակայքում 15 ավիահարված է հասցվել: Մինչդեռ հունիսի 19-ին` այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման մասին, 13 հարված է հասցվել, բոլորը Ռաքայի շրջանում:
Նախօրեին կոալիցիան հայտնել էր, որ ի պատասխան Ռուսաստանի միջոցառումների` Սիրիայում իր ինքնաթիռների «վերատեղակայում» է կատարում: Կոալիցիայի ներկայացուցիչը հրաժարվել էր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել, թե ինչպիսի վերատեղակայում է կատարվելու եւ որ շրջաններին է առնչվելու:





























