Արտասահմանյան դոնորների աջակցությամբ մինչեւ 2018-ի տարեվերջ Հայաստանում մոտ 2 հազար աշխատատեղ կստեղծվի: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ-ում հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` ելույթ ունենալով կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ: 

Նրա խոսքով` մայրաքաղաքի եւ շրջանների զարգացման միջեւ անհավասարության վերացումը դարձել է կառավարության առաջնահերթությունը (նշենք, որ այս մասին խոսվել է նաեւ նախորդ 2 վարչապետների օրոք – խմբ.): 280 մլրդ դրամ եկամտահարկի 240 մլրդ-ը Երեւանում է հավաքվում: «Իսկ սա նշանակում է, որ զբաղվածությունը մեծ չափով կենտրոնանում է մայրաքաղաքում, իսկ շրջաններում այն ցածր է»,- հավելեց Լոքյանը:

Նախարարությունը երկրի բոլոր մարզերի զարգացման ծրագրեր է կազմել: Դրանց համաձայն` մինչեւ 2025 թվականը շրջաններում մինչեւ 60 հազար աշխատատեղ կստեղծվի, ձեռնարկությունների թիվը մինչեւ 10 տոկոսով կաճի: Յուրաքանչյուր մարզի ՀՆԱ-ն չպետք է  երկրի մարզերի միջինից 70 տոկոսից ցածր լինի:

Զարգացմանը կնպաստեն արտասահմանյան դոնորների ծրագրերը: Այսպես` Եվրամիության ծրագրով կանցկացվեն նոր փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագրեր Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում:

Տավուշի մարզի սահմանամերձ 45 գյուղերում Ռուսաստանի կառավարության աջակցությամբ կիրականացվի 45 գյուղերի աջակցության նախագիծը: Ակնկալվում է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության մոտ 40 ծրագրերի իրականացում: