Հայաստանի տնտեսությունում նկատվող ապադոլարիզացիայի միտումները դրամի արժեւորման հիմնական պատճառն են։ Համենայնդեպս՝ այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող պաշտոնական թվերը։

Շարունակվում է մասնավորապես դրամային վարկերի նկատմամբ պահանջարկի աճը։ Ըստ վերջին տվյալների՝ նոյեմբերի 15-21 ընկած ժամանակահատվածում դրամով տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 16,6 մլրդ դրամ, որը համարժեք է մոտ 46 մլն դոլարին, իսկ ամերիկյան դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 40 մլն դոլար։ Դրամային վարկերի նման գերակշռումը 2010 թ նոր երեւույթ է, այն ի հայտ է եկել հոկտեմբերից։ Մինչ այդ վարկերի կեսից ավելին տրվում էր դոլարով։

Ապադոլարիզացիայի միտումներ են ի հայտ եկել նաեւ ավանդների մասով, սակայն ըստ մեր տեղեկություններ՝ դեռեւս դոլարային ավանդները գերակշռում են դրամայինին։ Այն հանգամանքը, որ բանկերը դրամով ավելի քիչ ավանդ են ընդունում, քան վարկ են տալիս՝ նպաստում է դրամային «քաղցի» առաջացմանը եւ դրամի արժեւորմանը։ Սակայն նկատենք, որ փոխանակման կետերում պահպանվում է դոլարի նկատմամբ հավելյալ պահանջարկը։ Օրինակ՝ անցյալ շաբաթ գնվել է 70 մլն դոլար, վաճառվել՝ 77 մլն դոլար։ Սա նշանակում է, որ քաղաքացիները եւ տնտեսվարողները պահպանում են դրամի արժեզրկման սպասումները եւ նախընտրում են դոլար գնել։

Վերջին շաբաթում Կենտրոնական բանկը կրճատել է դրամական բազան, հատկապես նրա կանխիկ մասը՝ անուղղակիրոեն նպաստելով դրամային «քաղցի» ընդլայնմանը։ Սակայն նկատենք, որ դրամային բազայի ներկայիս չափը՝ մոտ 451 մլրդ դրամ (մոտ 1,2 մլրդ դոլար), որից 316 մլրդ-ը կանխիկ դրամն է (համարժեք է մոտ 880 մլն դոլարին) չի համարվում վերջին ամիսների նվազագույն մակարդակը։ Հետեւաբար՝ ընդհանուր տնտեսական մակարդակով խոսել դրամի դեֆիցիտի մասին՝ դեռեւս վաղ է։ Բացի այդ՝ նախատոնական առեւտրի աշխուժացմանը զուգահեռ դրամային բազան կտրուկ կընդլայնվի։ Օրինակ՝ 2009 թ. վերջին դրամային բազան գերազանցել էր 500 մլրդ-ի սահմանագիծը։ Դրամային բազայի նման տատանումները նախատոնական գների բարձրացման հիմնական պատճառն են, քանի որ տնտեսությունում առաջանում է դրամի ավելցուկ։

2010 թ. դրամական բազան նույնպես ենթարկվել է ապադոլարիզացիայի։ Դրամական բազայում կտրուկ նվազել է արտարժույթով պարտադիր պահուստների տեսակարար կշիռը։ Նոյեմբերի 26-ի դրությամբ՝ արտարժույթով պարտադիր պահուստները դրամական բազայում կազմել են մոտ 14,5 տոկոս, այնինչ տարեսկզբին այն 31 տոկոս էր։

Այսպիսով՝ ապադոլարիզացիան դրամի ամրապնդման հիմնական պատճառն է՝ արժեւորման սպասումների պահպանման պայմաններում։ Դրամի ամրապնդմանը նպաստում է նաեւ ԿԲ զսպողական քաղաքականությունը՝ զսպվում է դրամական բազայի աճը։

Սամվել Ավագյան