Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ իր հարաբերություններին եւ դրանց շարունակական խորացմանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Հ. Աբրահամյանի, վերջին տարիներին զարգացող եւ նոր դինամիկա ստացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության աճող հետաքրքրությունը տարածաշրջանային խնդիրներով եւ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանում խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ տարբեր ձեւաչափերով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը կնպաստի բազմաթիվ խնդիրների կարգավորմանը:
Անդրադարձ է եղել նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը առնչվող եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից բխող որոշ հարցերի:




























