«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի տեսակցությունների վրա դրված արգելքը վերացվել է: NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայրը՝ Վահագն Իրիցյանը նշեց, որ հունիսի 29-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են Գեւորգ Իրիցյանին, նրա խոսքով, նա լավ տրամարդությամբ է եղել. «Թոռնիկներին էլ էինք տարել, տեսավ, ընդհանուր, ինքը լավ էր»: Վահագն Իրիցյանը նշեց, որ եղբայրը մի շարք առողջական խնդիրների պատճառով շարունակում է մնալ ՔԿՀ բուժմասում:

Գեւորգ Իրիցյանն ունի ոտքի, ողնաշարի եւ վզի հետ կապված առողջական խնդիրներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Իրիցյանը մի քանի ամիս է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է, նա առողջական խնդիրներ ունի:  Նրա պաշտպան Արային Պապիկյանը NEWS.am-ին հայտնել էր, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ, հիվանդության բավականին մեծ պատմություն ունի. «Երեկ եմ նրան տեսակցել, լյարդի ցավերից էր բողոքում, ոտքերի, երիկամների ցավից, նաեւ աղիքային անանցանելիություն ունի եւ հատուկ սննդակարգի անհրաժեշտություն կա»: