Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ:

Մոնիկա Մարգարյանն առավոտից դատարանի բակում էր, ներս մտնելիս դատական կարգադրիչները փորձեցին խուզարկել պաշտպանին, սակայն նա հրաժարվեց բացել պայուսակը: Դրանից հետո կարգադրիչները թուլ չտվեցին մտնել դատարան: Այսքանից հետո դատավորը որոշում կայացրեց սանկցիա կիրառել Թամրազյանի պաշտպանի նկատմամբ եւ դիմել Փաստաբանների պալատին պատասխանատվության ենթարկելու համար:

Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: