Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց《Սասնա Ծռեր》խմբի անդամներ Արթուր Սողոմոնյանի եւ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:
Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Բադալյանն առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է, հետեւաբար անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ:
Դատական նիստը շարունակվում է: Պաշտպանները հետաքրքրվեցին` ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ: Պաշտպան Գրիշա Բալասանյանը հարցը կրկնեց` ինչու են առանց զգուշացնելու երկու դատախազները հեռացել: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այդ դատախազներն իրեն խնդրել են` պատճառաբանելով, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չեն կարող մնալ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար:
Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























