«Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների գործով ամբաստանյալների պաշտպանների` դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը քննարկելու փոխարեն դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` երեք պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
Պաշտպաններն այսօր գրավոր դիմել էին Արտուշ Գաբրիելյանին` միջնորդելով հետաձգել դատական նիստը, քանի որ կան ամբաստանյալներ, որոնց պաշտպանները ներկա չեն: Արտուշ Գաբրիելյանը, սակայն, անդրդվելի էր: Նա պնդեց, որ նախապատրաստական փուլում կարեւոր չէ պաշտպանների ներկայությունը, ավելին պաշտպանները դեռեւս օրենքով նախատեսված կարգով ներգրավված չեն:
《Այդ դեպքում ինչու եք ինձ ծանուցում ուղարկել, նեղություն տվել ինձ》,- դատավորին դիմեց պաշտպաններից Գրիշա Բալասանյանը:
Դատավորն առանց պատշաճ պատասխան տալու հայտարարեց, որ նիստին ներկա չեն պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը եւ Դավիթ Գյուրջյանը եւ որոշում կայացրեց գնալ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Հետաքրքիր է, որ ներկա չէին չորս մեղադրողներից երկուսն էլ, սակայն դրա վրա դատավորը «աչք փակեց»: Արտուշ Գաբրիելյանը վստահեցրեց, որ իրեն զգուշացրել են ընդմիջման ժամանակ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար: Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաեւ պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:
Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























