Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` հուլիսի 3-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց եւս 3 պաշտպանի նկատմամբ:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից` Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպաններ Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանն անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար: Նշենք, որ մինչ այդ «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների պաշտպանները գրավոր դիմել էին Արտուշ Գաբրիելյանին` միջնորդելով հետաձգել դատական նիստը, քանի որ կան ամբաստանյալներ, որոնց պաշտպանները ներկա չեն:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Ի դեպ, վերջին երկուսը դատարան էին եկել, սակայն կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհանաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: Հետաքրքիր է, որ այսքանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Մոնիկա Մարգարյանի նկատմամբ եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին՝ փաստաբանին պատասխանատվության ենթարկելու համար: Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաեւ պաշտպան Կարապետ Բադալյանի նկատմամբ:

Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: