Սահմանադրությունը երբեք ոչ մեկ չի խախտում, հատկապես իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարությանը, որ Սահմանադրությունը չի հարգում քաղաքական մեծամասնությունը եւ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում:
«Սահմանադրությունը երբեք ոչ մեկ չի խախտում, հատկապես իշխանությունը: Ովքեր որ խախտում են, պիտի ենթարկվեն պատասխանատվության: Մեր երկրում որեւէ մեկը իրավունք չունի խախտելու մայր օրենքը»,-նշել է պատգամավորը:
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ հատկապես ընտրություններին իշխանությունն ամբողջությամբ ոտնահարում է երկրի մայր օրենքը վերատադրվելու նպատակով, իշխանության ներկայացուցիչն ասաց. «Ընտրություններին լինում են որոշակի խախտումներ, որոնք ընտրության արդյունքների վրա որեւէ ազդեցություն չեն ունենում: Մարդը արժեք է եւ մեր երկրում առաջին տեղում մարդն է՝ իր անվտանգությամբ»:





























