Հայաստանում տարվա ընթացքում 270 արեւոտ օր է լինում, իսկ դա արդեն մեծ կապիտալ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեհական «Պալիսանդեր» շինարարական ընկերության ղեկավար Սլավոմիր Զուբրիցկին, որը Հայաստանում է լեհ փորձագետների ու գործարարների պատվիրակության այցի շրջանակում։
Նրա խոսքով՝ Հայաստանում բոլոր հանդիպումները շատ լավ են անցել եւ արդյունավետ են եղել։
«Մենք համագործակցության համար շատ մեծ հնարավորություններ ենք տեսնում։ Խոսքն ինչպես Հայաստանում ներդրումներին է վերաբերում, այնպես էլ հայկական ուտեստները փորձելուն»,- նշեց Զուբրիցկին։
Ըստ նրա՝ համագործակցության հետաքրքիր ոլորտ կա։ Խոսքը պասիվ շինությունների կառուցման մասին է, որտեղ վերականգնվող էներգիա է կիրառվում։ «Դա հետաքրքիր ոլորտ է, որտեղ ես համագործակցության հիմքեր եմ տեսնում»,- ընդգծեց Սլավոմիր Զուբրիցկին։
Պատասխանելով հարցին, արդյո՞ք հայկական ընկերությունների հետ հստակ պայմանավորվածություններ ձեռք են բերվել, գործարարն ասաց. «Քանի որ սա Հայաստան մեր առաջին այցն է, դեռ նման պայմանավորվածություններ չկան»։




























