2010 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 3000 տոննա մսամթերք, հիմնականում՝ երշիկեղեն։ Նախորդ տարվա համեմատ այստեղ առկա է մոտ 8 տոկոս անկում։

Սակայն այդ նույն ժամանակահատվածում Հայաստանը ներմուծել է մոտ 5 հազ. տոննա խոշոր եղջերավոր անասունի սառեցված միս։ Սա հիմնականում գոմեշի միսն է, որը օգտագործվում է երշիկի արտադրության համար։ Ստացվում է, որ Հայաստանը ավելի շատ սառեցված միս է ներմուծում, քան դրանից երշիկ պատրաստում։ Արդյոք, սա ստվերի վկայություն չէ՞։

Նշենք, որ գոմեշի մսի ներկրումը այս տարի էապես կրճատվել է այն բանից հետո, երբ կառավարությունը հետաքննութուն սկսեց, թե որքանով է Հնդկաստանը որակյալ միս առաքում։ Մինչ այդ Հայաստանը միայն Հնդկաստանից տարեկան 15 հազ. տոննա գոմեշի միս էր ներմուծում, սակայն արտադրում 5-6 հազ. տոննա մսամթերք։

Սառեցված միսը մսամթերք արտադրող գործարանները 2010 թ. ներմուծել են կգ-ը միջինը 2,2 դոլարով, այնինչ Հայաստանում տավարի միսը 6-7 դոլարի շրջանակներում է։ Սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ երշիկեղենը որպես կանոն թարմ մսից էժան է կամ մոտավորապես նույն գնային միջակայքում է։

Սառեցված մսի մի մասը Ամանորի նախօրեին ուղղորդվում է նաեւ սպառողական շուկա, որտեղ մսի որակի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվում։ Սակայն քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խուսափել սառեցված տավարի մսի գնումներից, թեեւ դրանք ավելի էժան են։