Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին Արամ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում նկատեց փոխգնդապետ Արմեն Ղազարյանին եւ պահանջեց նիստերի դահլիճից հեռացնել նրան: (Ֆոտոռեպորտաժ)
«Փոխգնդապետ Ղազարյանն ինչու է դատական նիստերի դահլիճում գտնվում, մարդ, որը առերեւույթ հանցագործություն է կատարել»,-ասաց պաշտպանը:
Նշենք, որ հունիսի 28-ին «Սասնա Ծռեր» խմբի 14 անդամների գործով նիստին դատարանի շենքի խցում Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանն ու Մխիթար Ավետիսյանը բռնության էին ենթարկվել: ՀՔԾ-ում տեղի ունեցած միջադեպով քրեական գործ է հարուցվել: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Սասնա Ծռեր» խմբի անդամներին դատարանի շենքում խոշտանգելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Ղազարյանը:
Արտուշ Գաբրիելյանը չքննարկելով պաշտպանի պահանջը` անցավ ամբաստանյալների ինքնության ճշտման փուլին: Դատարանի խցից մեկ առ մեկ նիստերի դահլիճ են բերվում ամբաստանյալները, որոնցից դատարանը ճշտում է ինքնությունները, որից հետո կրկին հեռացնում դատական նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան Գրիշա Բալասանյանը լքեց նիստերի դահլիճը` նշելով, որ չի ցանկանում գտնվել նիստերի դահլիճում առանց իր պաշտպանյալի ներկայության. «Ես չեմ լքում նիստերի դահլիճը, այլ անցնում եմ ապակիներից այն կողմ»,-ասաց Գրիշա Բալասանյանը եւ լքեց նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին 18 ամբաստանյալներից մասնակցում էին միայն 3-ը` դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստին վեց ժամով հեռացրել էր «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամներից 15-ին. նրանց նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել ոտքի չկանգնելու համար: Դատարանը սանկցիա չէր կիրառել միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող: Սակայն, ավելի ուշ Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանն ու Արամ Մaնուկյանը եւս լքեցին նիստերի դահլիճը` նշելով, որ չեն մասնակցել նիստին ռանց իրենց ընկերների:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանն այսօր դատարան է ներկայացել Մոնթե Մելքոնյանի նկարով վերնաշապիկով` «Իմ կենացը մի´ խմեք, այլ իմ գործը շարունակե´ք» գրությամբ:
Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:





























