«Ելք» դաշինքից մեր ընդդիմադիր գործընկերների պնդումները, թե եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր քվեարկությանը, 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը չէր ընդունվի, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին հուլիսի 7-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ՀՀԿ- ն ու ՀՅԴ-ն ապահովել են ձայների 54 տոկոսը։ Շարմազանովի համաձայն՝ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը գործուղման է մեկնել, սակայն դիմում է թողնել, որ կողմ է քվեարկում հաշվետվությանը։
«Հերմինե Նաղդալյանը տեխնիկական պատճառներով չի հասցրել կողմ քվեարկելու վերաբերյալ դիմում գրել։ Նա կողմ քվեարկելու դիմում է գրել միայն Սեւանա լճի վերաբերյալ օրինագծի մասով»,-հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հավանության արժանացրեց 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը։ Հաշվետվությանը կողմ են քվերակել 53, դեմ՝ 22 պատգամավորներ։





























