Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ  համագործակցության ամուր հիմքեր կան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ոչ ԵՄ տարածաշրջանի հանրային բաժնի ղեկավար Սիժուխ Ժատինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Վահան Մարտիրոսյանը  նշեց, որ ԵՆԲ-ի հետ  համագործակցության ամուր հիմքեր կան եւ հույս հայտնեց,   որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձեւավորված երկկողմ գործակցությունը հետագայում եւս կշարունակվի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության եւ ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգմանն առնչվող հարցեր։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանին կապող այս ճանապարհն կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Արդեն իսկ մեծածավալ  աշխատանք է կատարվել, ճանապարհը  կառուցվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան եւ բարձր որակով։ Կարեւոր է, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեն  նախանշված ժամկետների շրջանակներում, հնարավորին սեղմ ժամանակում։

Քննարկվեցին նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի հատվածում աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկա համագործակցության հնարավորություններին։