Մինչեւ 2017-ի վերջ Թաշքենդում ծրագրվում է անցկացնել հայ ոսկերչական իրերի ցուցահանդես։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Ուզբեկստանի առեւտրաարդյունաբերական պալատի քաղաքային վարչության մասնագետ Ռուստամբեկ Բարատովը։
Պատվիրակությունը ժամանել է Երեւանում անցկացվող ոսկերչական իրերի շուկա՝ մի շարք այլ երկրների գնողների հետ միասին։
Հիմա հայկական ոսկերչական իրերը Ուզբեկստան են հասնում Ստամբուլի տարածքով, որը խոշոր տարանցիկ կետ է։ Այսօր Ուզբեկստանի Առրտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունը եղել է Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում, որտեղ քննարկել է ուղիղ մատակարարումների (գուցե նաեւ Երեւան Թաշքենդ ուղիղ չվերթի) հնարավորությունները: «Առաջին քայլը համաձայնությունն է, իսկ հետո կարծում եմ ամեն ինչ կկազմակերպի պատշաճ ձեւով։ Մենք մտադիր ենք Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել տարբեր ոլորտներում։ Գուցե դա կդառնա մեր առաջին համատեղ քայլը»,- հայտնել է Բարատովը։
Ուզբեկստանում հայ ոսկերիչներին ծանոթ են ոչ միայն նրանց մասին լսելով։ Տեղի հայերի շրջանում քիչ չեն ոսկերիչ վարպետներն ու կոշկակարները, նրանցից մի քանիսն ունեն իրենց արտադրամասերը «Այնպես որ համագորրծակցության հիմք կա։ Հիմա մեր խնդիրն է դրա վրա նոր հաջողություններ կառուցել»,- հավելել է Բարատովը։





























