Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում մեկ տարի առաջ այս օրը սեփական տանը սպանվեցին Քաչոտյանների ընտանիքի 4 անդամները՝ մայրն ու երեք երեխաները: Սպանությունից մեկ տարի անց Վրաստանի իրավապահ մարմինները դեռ շարունակում են նախաքննությունը, իսկ սպանության մեջ մեղադրվող միակ անձը՝ Նոդար Ակոպովը, կալանավորվելուց մի քանի ամիս անց ինքնասպանություն գործեց ազատազրկման վայրում: Միակ մեղադրյալի ինքնասպանությունից հետո քրեական գործը չկարճվեց եւ չի բացառվում, որ Քաչոտյանների սպանությունը կատարելու, կամ պատվիրելու մեջ կարող են նաեւ այլ անձինք խառը լինել:

Կնոջն ու 3 երեխաներին կորցրած Վաղինակ Քաչոտյանն այժմ գյուղում չէ. Ռուսաստանի Դաշնությունում է աշխատում, սակայն, նա շարունակում է պայքարը՝ բացահայտելու, թե ովքեր են մեղավոր իր երեք երեխաների եւ կնոջ սպանության համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը 2016թ. օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել:

Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հարազատներն էին հայտնաբերել սպանված: Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:

Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը: