ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Քուվեյթ կժամանի՝ Կատարի եւ Պարսից ծոցի պետությունների միջեւ ճգնաժամը քննարկելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Քուվեյթը որպես միջնորդ է հանդես գալիս Դոհայի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունները կարգավորելու հարցում, սակայն նրա ջանքերը դեռ հաջողությամբ չեն պսակվել։

Հունիսի վերջին Թիլերսոնը հանդիպել է Կատարի եւ Քուվեյթի ղեկավարության հետ՝ փորձելով վերջ դնել տիրող լարվածությանը։ Սակայն դատելով նրա՝ Քուվեյթ այցելելու պատրաստակամությունից, նա պատրաստ է ավելի պրակտիկ մասնակցություն ցուցաբերել այդ գործին։ Պետքարտուղարն ընդգծել է կողմերի՝ զսպվածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ հանուն պրոդուկտիվ դիվանագիտական քննարկումների։