Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը Հայաստանում սկսել են ուսումնամեթոդական հավաքները, երեքշաբթի հաղորդվել է ՀԱՊԿ կայքում:
Հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ սկսվել է ուսումնամեթոդական հավաքի անցկացումը ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ, որոնք առանձնացված են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում (ՕԱՀՈւ):
Վարժանքները կանցկացվեն 3 օր` Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի բազայում: Հավաքին մասնակցում է Հայաստանի ոստիկանության, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի ՆԳՆ եւ Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության հատուկ ստորաբաժանումների ղեկավար կազմը: Հավաքի մասնակիցները կմշակեն հատուկ գործողությունների սցենարներ եւ կփոխանակեն մարտական պատրաստության մարզումների անցկացման մեթոդների փորձը:
ՀԱՊԿ-ը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրել են ԱՊՀ անդամ երկրները: ՀԱՊԿ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:





























