Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը բողոքը: Պաշտպանը Վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդդեմ զինվորական դատախազության անգործության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել էր հանցադեպի բացակայության հիմքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:
Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:
Նշենք, որ 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել. պարբերաբար ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում: Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը բավականաչափ գումար չունի:





























