Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստին ամբաստանյալները դատարանի խցից մեկ առ մեկ բերվում են նիստերի դահլիճ, ճշտվում է նրանց ինքնությունը, պաշտպաններ են ներգրավվում եւ կրկին հեռացվում: Ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը նիստերի դահլիճից հեռացվելու ժամանակ պահանջեց, որպեսզի իր շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանն առանց իր ներկայության չմասնակցի դատական նիստին: Մոնիկա Մարգարյանը հայտարարեց, քանի որ իր պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանը եւ Տիգրան Մանուկյանը նիստերի դահլիճում չեն` լքում է դահլիճը: Դատարանը պահանջեց առանց թույլտվության չլքել դահլիճը, սակայն, պաշտպանը չենթարկվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

Այսօր դատարանի դահլիճում են միայն ամբաստանյալներից Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը: Թաթուլ Թամրազյանը լքեց դահլիճը` նշելով, որ չի ցանկանում առանց իր ընկերների  մասնակցել նիստին:

Դատարանը մյուս 15 անդամների նկատմամբ դատական սանկցիա էր կիրառել ոտքի չկանգնելու համար եւ հեռացրել նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալներից Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան ներգրավվեց Գրիշա Բալասանյանը, Վարդգես Գեւորգյանի պաշտպան` Կարեն Մեժլումյանը, Հովհաննես Վարդանյանի պաշտպան` Անուշ Մխիթարյանը, Մանվել Աթոյանի պաշտպան` Արա Ղարագյոզյանը, Հովհաննես Հարությունյանի` Հայարփի Սարգսյանը: Հովհաննես Հարությունյանը հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր պաշտպանը մասնակցի դատական նիստին` առանց իր ներկայության:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: